Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հարցականներին պատասխան տվող շաբաթ

Հարցականներին պատասխան տվող շաբաթ
21.06.2016 | 10:45

Այս շաբաթ կավարտվեն Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային հանդիպումները, ու վերջնականապես հայտնի կդառնան փլեյ օֆում հանդես գալու իրավունք նվաճած բոլոր թիմերը: Մեկ ութերորդից, գիտեք, նոկաուտի համակարգն է գործում՝ պարտվողը դուրս է մնում հետագա մրցակցությունից: Ոմանց համար դա կլինի հաջողություն, ոմանց համար՝ հակառակը, ոմանց համար էլ՝ անցյալի ինչ-որ դրվագի կրկնություն՝ առանձնակի չնշանավորվող ինչ-որ բան:

Առանձնապես չծանրանալով եղած խաղերի վրա (զուտ լրատվության կարգով մենք դրանց օպերատիվորեն անդրադառնում ենք թերթի էլեկտրոնային էջում) այս փուլի համար միայն փաստենք, որ երկու խաղերի արդյունքով ցանկալիին (տվյալ պարագայում՝ մեկ ութերորդ դուրս գալուն) կարողացան հասնել միայն Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ընտրանիները:
Կիրակի օրվանից իրադրություն է փոխվել: Խմբայիններում սկսվել են երրորդ ու վճռական խաղերը՝ օրը երկու հանդիպում ու անպայմանորեն նույն ժամին, որ կողմերի միջև, այսպես ասած, պայմանավորվածությունների, ներքին համաձայնության գալու հնարավորությունը բացառվի:


Ասենք, որ առաջինը սկսեցին A խմբի ներկայացուցիչները: Իրար հետ մրցող Ֆրանսիայի ու Շվեյցարիայի ընտրանիներին ոչ-ոքին լիակատար հնարավորություն էր տալիս ամեն կարգի գլխացավաքներից ազատվելու, առաջին ու երկրորդ տեղով դուրս գալու փլեյ օֆ: Խաղի մանրամասների մեջ չմտնելով՝ ասենք, որ թիմերն այդպես էլ վարվեցին՝ 0:0: Խմբային երկրորդ՝ Ռումինիա-Ալբանիա դիմակայությունում հաղթանակը մեկ միավոր ունեցող ռումինացիներին երաշխավորում էր երրորդ տեղը: Սակայն ալբանացիները կարողացան իրենց համար առաջին եվրոպականում առավելության հասնել նվազագույն հաշվով (խփած գոլն էլ է նրանց համար առաջնությունում առաջինը) ու մրցակցին մղեցին չորրորդ հորիզոնական, որը ռումինացիների համար նշանակեց հրաժեշտ առաջնությանը: Ճիշտ է, ալբանացիներն էլ դեռևս չեն նվաճել առաջնությունը շարունակելու իրավունքը, քանի որ խմբայիններում երրորդ տեղ գրաված վեց հավաքականից միայն չորսն է պայքարը շարունակելու:


B խմբում հանդես եկողների մասին չենք խոսում, քանի որ նրանց դիմակայությունը (Անգլիա-Սլովակիա, Ռուսաստան-ՈՒելս) երեկ էր, ու արդյունքներն այս պահին հայտնի են:
C խմբում պայքարը հավասարապես շարունակելու հնարավորություն ունեն թե՛ չորսական միավոր ունեցող Գերմանիայի ու Լեհաստանի, թե՛ երեք միավոր վաստակած Հյուսիսային Իռլանդիայի ընտրանիները: Սակայն եկեք իսպառ չբացառենք երկու խաղից երկու պարտություն ունեցող ուկրաինացիներին: Լեհերի հետ նրանց խմբային երրորդ հանդիպումը կարող է ունենալ անհավանական ելք, սակայն այստեղ կա և երկրորդ նախապայմանը՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը պիտի պարտվի գերմանացիներին: Մի խոսքով՝ կատարյալ խառնաշփոթ է:


D խմբում իսպանացիները, ինչպես վերն ասել ենք, լուծել են իրենց խնդիրը: Խորվաթների հետ հանդիպումում անգամ ոչ-ոքին նրանց համար ապահովում է խմբային առաջին տեղը: Այդ ոչ-ոքին հավասարապես ձեռնտու է նաև խորվաթներին, որոնք կունենան երաշխավորված երկրորդ տեղ: Այնպես որ, այստեղ բացառված չէ Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի սցենարը:
Խմբային երկրորդ հանդիպումը միավոր չունեցող Թուրքիայի ու մեկ միավոր վաստակած Չեխիայի ընտրանիների միջև է: Երկրպագուի հավերժական անեծքից փրկվելու համար թուրքերին անհրաժեշտ են անպայման հաղթանակ ու դրանով իսկ հույսի աղոտ հեռանկար, սակայն այդ նույն հաղթանակը հավասարապես պետք է Չեխիայի երիտասարդ ընտրանուն լավագույն երրորդ արդյունքն ունենալու ու, ինչու չէ, կախված Իսպանիա-Խորվաթիա հանդիպման ելքից, անգամ երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար:


E խմբում Իտալիայի ընտրանու առաջին տեղին չի սպառնում անգամ իռլանդացիներից (ունեն մեկ միավոր) կրելիք հնարավոր պարտությունը: Կատարյալ ճակատամարտ է սպասվում և Բելգիա-Շվեդիա դիմակայությունում, որտեղ առաջինն ունի երեք, երկրորդը՝ մեկ միավոր:
F խմբում քիչ արյուն չի հոսելու չորս միավոր ունեցող հունգարացիների ու ընդամենը երկու միավոր վաստակած պորտուգալացիների միջև: Նույն «սպանոցին» է սպասվում Իսլանդիայի ու Ավստրիայի ընտրանիների դիմակայությունում, որտեղ առաջինն ունի երկու, երկրորդը՝ մեկ միավոր: Սա ամենախառը խումբն է, և վերջնահաշվում աղյուսակում թիմերի դասավորությունը կարող է ամբողջովին գլխիվայր շրջվել:
Ինչպես տեսնում եք, մեզ սպասում է հարցականներին պատասխան տվող շաբաթ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ